25 մայիսի 2009 - 13:55 AMT
Կառլ Բիլդտ. Շվեդիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Շվեդիան 1915թ. իրադարձությունները Ցեղասպանություն չի ճանաչի: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը` պատասխանելով պատգամավոր Սեսիլիա Վիքստրեմի հարցմանը: Նրա խոսքերով, այդ հարցի լուծումը քաղաքական գործիչների պարտականությունը չէ, անկախ պատմական փաստերից: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել Շվեդիայի հայկական կազմակերպությունների միության ղեկավար Վահագն Ավետյանը, Բիլդտի խոսքերը հակասում են ՄԱԿ-ի ցեղասպանության մասին միջազգային կոնվենցիային, որը ստորագրել է Շվեդիան: «Ես չեմ հասկանում, թե ինչու է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը կարծում, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Եվ ես վստահ եմ, որ Բիլդտի պարտականությունների մեջ չի մտնում Թուրքիային պաշտպանելը»,-ասել է Ավետյանը:

Պատգամավորին ի պատասխան Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը գրում է, թե այսօրվա Թուրքիան չի կարող պատասխանատվություն կրել անցյալի համար: Սակայն Ավետյանը օրինակ է բերել թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին, որը դատական հետապնդման է ենթարկվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: