27 մայիսի 2009 - 16:29 AMT
Հայաստանի թեքվոնդոյի պատանիների հավաքականն այսօր մեկնարկում է Շվեդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի թեքվոնդոյի պատանիների հավաքականը մայիսի 26-ին գլխավոր մարզիչ` պարսիկ մասնագետ Ռահիմ Սամեխի գլխավորությամբ մեկնել է Շվեդիա, որտեղ մայիսի 27-31-ը սկանդինավյան ամենահարավային քաղաքում` Տրելեբորգեում կմասնակցի Եվրոպայի 17-րդ պատանեկան առաջնությանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել Հայաստանի թեքվոնդոյի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը, Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Հայկազ Սամվելյանը (59կգ/կ), Վահան Հարությունյանը (մինչեւ 55 կգ), Վարագ Աղաջանյանը (մինչեւ 51կգ), Գուրգեն Հարությունյանը (մինչեւ 63 կգ) եւ Վահագն Աղեկյանը (մինչեւ 67 կգ):

«Մենք միայն բարձր արդյունքներ ենք ակնկալում մեր մարզիկներից»,-ասել է Ղահրամանյանը:

Հայաստանի պատանիների հավաքականն Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվել է Իրանում, որտեղ մայիսի 7-21-ը ուսումնամարզական հավաք է անցկացրել:

Եվրոպայի թեքվոնդոյի WTF առաջնությունն անց է կացվում երկու տարին մեկ: