27 մայիսի 2009 - 20:37 AMT
Թբիլիսիում աշխատանքն են դադարեցրել Benetton ֆիրմայի խանութները
Թբիլիսիում աշխատանքն են դադարեցրել հայտնի իտալական Benetton ֆիրմայի խանութները` բողոքելով այն փաստի դեմ, որ այդ ֆիրմայի թուրք գործընկերը մտադիր է Սուխումում բացել նմանատիպ խանութ առանց վրացական կողմի հետ համաձայնության: «Մենք ավելի շուտ պատրաստ ենք վնաս կրել, քան թույլ տալ մի նախադեպ, երբ աշխարհում հայտնի ֆրիման իր ապրանքանիշն է ներկայացնում գրավյալ տարածքում»,-հայտարարել է Վրաստանում Benetton-ի ներկայացուցիչ Նինո Ցիկլաուրին: Նրա խոսքերով, Իտալիայում Benetton-ի գլխամասային գրասենյակ պաշտոնական նամակ է հղվել, որտեղ պահանջվում է պարզաբանել, թե ինչու է ընկերությունն որոշել իր խանութը բացել Աբխազիայում առանց վրացական կողմի հետ համաձայնեցման:

Թբիլիսիում Benetton-ի ցանցը փակվել է անորոշ ժամանակով, մինչեւ որ պարզաբանվի այդ ապօրինի փաստի հետ կապված իրավիճակը»,-ասել է Ցիկլաուրին, հաղորդում է Newsru.com-ը:

Նախօրեին հաղորդվել է, որ Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական սկանդալ է հասունանում, քանի որ Benetton ընկերության թուրքական ներկայացուցչությունը մտադիր է իր խանութը բացել անկախացած Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում:

Թբիլիսին ապօրինի է համարում Benetton-ի խանութի բացումը եւ բացատրություններ է պահանջել Անկարայից: