Հայաստանը Բրյուսելում դիվանագիտական ներկայացուցչության համար ձեռք կբերի նոր շինություն, որի արժեքը կազմում է 4.3 միլիոն եվրոյին համարժեք դրամ։Այդ մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով ԱԳՆ-ի 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունը։
Խոսելով այլ երկրներում ձեռք բերված այլ շենքերի մասին, նշեց, որ 2023 թվականին շինություն էր ձեռք բերվել նաև Լոնդոնում, հայտնում է Արմենպրեսը։
«Այս շինությունը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր թաղամասում, հարևանությամբ գտնվում են դեսպանություններ, ներկայացուցչություններ, եվրոպական կառույցներ։ Ֆունկցիոնալ և լոգիստիկ էական առավելություններից բացի, շինության ձեռքբերումը կունենա նաև քաղաքական և խորհրդանշական բաղադրիչ՝ մասնավորապես, հաշվի առնելով Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընդլայնումը և Բրյուսելում առավել տեսանելիություն և ներկայանալիություն ապահովելու կարևորությունը։
Այն մոտավորապես 1500 քառակուսի մետր մակերես ունի։ Եվ, իհարկե, հաշվի առնելով անշարժ գույքի գների շարունակական աճը՝ այս ձեռքբերումը կարող է նաև շահավետ երկարաժամկետ ներդրում լինել»,–մանրամասնել է ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող 64 դիվանագիտական ներկայացուցչություններից 20-ի շենքերը պատկանում են Հայաստանին։ Դրանցից վեցը նվիրաբերվել են բարերարների կողմից, երկուսը տրամադրվել են փոխադարձության հիմքով, մեկ շենք հատկացվել է հյուրընկալ պետության կողմից, իսկ 11-ը գնվել են ՀՀ պետական բյուջեի հաշվին։
Բացի այդ, 13 շինություն տրամադրվել է անհատույց օգտագործման հիմունքներով՝ տարբեր կազմակերպությունների կողմից, իսկ մնացած 31-ը վարձակալվում են։