1 հունիսի 2009 - 18:48 AMT
«Տրանսպարենսի Ինտերնեշնլ-Հայաստանը» ցնցված է երեկվա ընտրություններից
«Մենք ուղղակի ցնցված ենք երեկվա մեր տեսածից: Այդպիսի ցինիկ եւ անօրինական ընտրություններ Հայաստանում դեռ չէին եղել: Եթե մեր երկրում տեղի են ունենում խայտառակ ընտրություններ, ապա ավելի լավ է հրաժարվել դրանցից եւ հռչակել քրեական տարրերի եւ կլանների իշխանությունը, որոնք հերթական անգամ ապացուցել են , որ փայլուն են աշխատում»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Տրանսպարենսի Ինտերնեշնլ-Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Ամալիա Կոստանյանը:

Ամալիա Կոստանյանի խոսքերով, կեղծիքները եւ խախտումներն ընտրությունների ընթացքում անցել են երեք փուլով: Առաջին, 08:00-10:00, թեթեւ խախտումների փուլ, որի ընթացքում տեղի է ունեցել քվեաթերթիկների ոչ մեծ քանակով ավելացում եւ կրկնակի քվեարկություն: Երկրորդ փուլը, մոտավորապես 12:00-ին, ուղեկցվել է սափրագլուխ մարդկանց եւ տեղական հեղինակությունների թիկնապահների հայտնվելով, որոնք վախեցրել են դիտորդներին եւ լրագրողներին: Երրորդ փուլը, 17:00-ից մինչեւ ընտրատեղամասերի փակումը, Ամալիա Կոստանյանի խոսքերով, ամենախայտառակն էր: Նա նաեւ նշեց, որ նրա կազմակերպության դիտորդները հանձնաժողովի անդամների միջեւ վեճի ականատեսն են եղել այն մասին, թե ինչքան լրացուցիչ քվեաթերթիկներ ավելացնեն այս կամ այն թեկնածուի օգտին: «Երեւի խախտվել էր նախնական պայմանավորվածությունը»,- հայտարարել է Ամալիա Կոստանյանը:

Նա նաեւ ընդգծել է, որ հատկապես ծանր ընտրություններ են ընթացել թիվ 8 ընտրատեղամասում, որի հանձնաժողովի կազմում ընդդիմության ներկայացուցիչ չի եղել: «Ես համոզված եմ, որ եթե հանձնաժողովի մեջ ընդգրկված լիներ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, նա ոչինչ չէր կարող անել ստեղծված իրավիճակում»,- հայտարարել է նա: