15 հունիսի 2009 - 19:17 AMT
Հայաստան. Շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությունը բարձրացրել է բենզինի գները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական հանձնաժողովի մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում վարույթ է հարուցվել բենզինի շուկայում:

Հանձնաժողովի մասնագետների անցկացրած մոնիտորինգով պարզվել է, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերության կողմից իրացվող բենզինի գները բարձրացել են եւս 20 դրամով: Այսպիսով, «պրեմիում» տեսակի բենզինի գինը հասել է 370 դրամի: Միաժամանակ շուկայում սպասումներ են ստեղծել հետագա թանկացումների առնչությամբ:

Հաղորդագրությունում նշվում է, որ «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությունը 2009-ի հունիսի 10-ին հանձնաժողովին տեղեկացրել է, որ ապրիլի 1-ից դադարեցրել է իր գործունեությունը, եւ որ նույն տարվա ապրիլի սկզբներին բեզին եւ դիզվառելիք է ներկրվում եւ իրացվում նոր ընկերության` «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից: Դա այն դեպքում, երբ «Քաղ Պետրոլ Սերվիսը» ՀՀ կառավարության հաստատած պետական գնումների` այս տարվա երկրորդ եռամսյակի բենզինի մատակարարման մրցույթում հաղթող է ճանաչվել եւ շարունակել գործունեությունը:

Ինչ վերաբերում է մյուս գերիշխողին` «Ֆլեշ» ընկերությանը, նրա կողմից իրացվող բենզինի գինն այսօր չի փոխվել: