15 հունիսի 2009 - 22:08 AMT
Հայաստանը մասնակցել է նիդեռլանդական Թիլբուրգ քաղաքում կայացած Արեւելյան Եվրոպայի մշակութային փառատոնին
Հունիսի 14-ին նիդեռլանդական «Արեւելյան Եվրոպա» կենտրոնը Թիլբուրգ քաղաքում կազմակերպել էր Արեւելյան Եվրոպայի ազգային մշակութային փառատոն:

Ծրագրի նպատակն է նպաստել միջմշակութային երկխոսությանը, ծանոթացնել այդ երկրներում զբոսաշրջության հնարավորություններին: Փառատոնին մասնակցեցին Հաագայում հավատարմագրված Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի բազմաթիվ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, տարբեր քաղաքների համայնքային կառույցների ներկայացուցիչները:

Փառատոնին ներկա էին քաղաքային իշխանությունների, հոլանդական գործարար շրջանակների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի տաղավարը ձեւավորել էին Հաագայում ՀՀ հյուպատոսությունը եւ Էյնդհովենի «Ալֆա-Երեւան» հայկական համայնքը: Ազգային տաղավարներին եւ խոհանոցին ծանոթանալուց հետո տեղի ունեցավ համերգ, որի ժամանակ ներկայացվեցին նաեւ հայկական ժողովրդական երգերը, պարերն ու երաժշտությունը: