16 հունիսի 2009 - 15:25 AMT
Կարեն Բալայան. Մենք կարող ենք անվերադարձ կորցնել «Կիլիկիա» առագաստանավը
Հունիսի 20-ին Երեւան է ժամանում լեգենդար ռոք-երաժիշտ եւ «Կիլիկիայի» մեծագույն բարեկամ Անդրեյ Մակարեւիչը, ով ստեղծագործական հանդիպում եւ մամլո ասուլիս կանցկացնի Կիլիկիա նավի տախտակամածի վրա` ի նշան աջակցության առագաստանավի պահպանմանն ուղղորդված ջանքերին:
«Մի քանի տարի անց մենք կարող ենք անվերադարձ կորցնել «Կիլիկիա» նավը: Նավի ստեղծողները, «Այաս» ակումբի անդամները, մեր ընկերներն ու համախոհները եւ բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն մեր մշակութային եւ պատմական ժառանգության ճակատագրի հանդեպ, այս օրերին կիրառում են բոլոր հնարավոր միջոցները` մեր սերունդների համար այդ նավը պահպանելու նպատակով», - PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է նավի նավապետ Կարեն Բալայանը:
Արդեն երրորդ տարին է «Կիլիկիա» առասպելական առագաստանավը կանգնած է բաց երկնքի տակ` սպասելով ծովային թանգարանի կազմակերպման հարցի լուծմանը: Միջնադարյան տեխնոլոգիաներով կառուցված նավը մշտական խնամքի եւ հետագա գոյության համար համապատասխան պայմանների տրամադրման կարիք ունի:
Միջնադարյան հայկական «Կիլիկիա» առեւտրական նավը, որը կառուցվել է հին գծագրերով «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի կողմից, առագաստի ներքո նավարկել է Եվրոպայի շուրջ` այցելելով 25 երկրի 62 նավահանգիստ: 11 տարի, չնայած դժվարությունների, կառուցել են այդ նավը, որը դարձել է մեր ժողովրդի ոգու ուժի եւ միասնականության խորհրդանիշը: Նավարկության երկու տարվա ընթացքում տարբեր երկրներում մեծ քանակությամբ մարդիկ տեղեկացան հայկական ծովագնացության վառ պատմությանը` պատշաճը հատուցելով «հայ նավաստիների ժամանակակից սխրանքին»: Հայաստանը ողջ աշխարհին ներկայացավ եւս մեկ գրավիչ կողմով: