19 հունիսի 2009 - 20:55 AMT
Հայաստանի վարչապետն ու Կալինինգրադի մարզի նահանգապետը քննարկել են բիզնես-կապերի ամրապնդման հարցերը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

ՀՀ կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրին, խոսել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների մասին, որոնց շարքում կարեւոր տեղ են գրավում նաեւ տնտեսական կապերը Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանների հետ:

Նահանգապետ Գեորգի Բոոսը ներկայացրել է մարզի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, բանկային համակարգում ընթացող բարեփոխումները, ներդրումների խթանմանը միտված միջոցառումները, նշել, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ Կալինինգրադի մարզը մեծ նշանակություն է տալիս կապերի զարգացմանը հատկապես այն երկրների հետ, որոնք պատմականորեն եւ հոգեւոր առումով մոտ են Ռուսաստանին:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել գյուղմթերքների, շինարարական եւ արդյունաբերական ապրանքների, առեւտրի, ոսկերչության, նաեւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Խոսելով տնտեսական կապերի զարգացման եւ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին, զրուցակիցները կարեւորել են գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը, ինչին, անկասկած, նպաստ կբերեն Երեւանի «Մոսկվայի տանն» անցկացված բիզնես-համաժողովը եւ Կալինինգրադի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի ցուցահանդեսը: Երկուստեք ցանկություն է հայտնվել, որպեսզի գործարարների միջեւ նման հանդիպում կազմակերպվի նաեւ Կալինինգրադի մարզում: