
Հայաստանը շարունակել է համագործակցությունը ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ, ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, հայտնում է Factor.am-ը:
Նա այդպես է արձագանքել ընտրությունների ընթացքում ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով ԵՄ-ի կողմից Հայաստանում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» տեղակայելու վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանը։
Դեռ 2025-ի դեկտեմբերին Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև տարբեր ուղղություններով, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ոլորտում համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լրատվամիջոցի տրամադրության տակ հայտնված նամակի համաձայն՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին Բրյուսելից խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։
ԵՄ-ն նմանատիպ խումբ էր ուղարկել Մոլդովա 2025-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որը բաղկացած էր մոտ 20 մարդուց։ Նրանք Մոլդովայի իշխանությունների հետ համատեղ աշխատել էին ժամանակին հայտնաբերելու և հակազդելու Ռուսաստանից սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությանը։
Նշվում էր, որ «Հայաստանին առաջարկվող աջակցությունը պետք է հստակ ուղղված լինի Ռուսաստանի ապակայունացնող գործունեության նվազեցմանը և մեղմմանը»: