20 հունիսի 2009 - 16:40 AMT
Հասարակության մեջ իսլամ ընդունած հայերի ինտեգրումը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը
Հայկական նույնությունն արդեն կազմավորված է, եւ իսլամացված հայերի սերնդին «մուսուլման-հայեր» անվանելն անընդունելի է, այդպիսի հասկացություն գոյություն չունի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Թամարա Վարդանյանը: Այսօր մեր առջեւ ծառացել է ազգային նույնության խեղաթյուրման մարտահրավերը: Հայ հասարակության մեջ իսլամացված հայերի ինտեգրումը, ովքեր իրենց հայ, քրիստոնյա չեն ճանաչում եւ իսլամի հետեւորդներ են, սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը»,- հայտնել է պատմաբանը: Միեւնույն ժամանակ Վարդանյանը նկատել է, որ իսլամացված հայերի սերնդի մի փոքր մասը վերադարձել եւ վերադառնում են Հայաստան, այցելում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ կրկին քրիստոնեական հավատք ընդունում:

«Իսլամն աշխարհայացք է, ապրելակերպ եւ իսլամ ընդունած հայն օտարանում է ազգային արժեքներին եւ արմատներին: Որոշ դեպքերում նրանք շատ ավելի ճշմարիտ մուսուլմաններ են: Այստեղ կարեւոր դեր է խաղում հետեւյալ հարցը. արդյո՞ք այդ հայերը Հայաստանը համարում են իրենց հայրենիքը, թե՞ ոչ»,- ընդգծել է նա: Վարդանյանի խոսքով, այսօր հստակ տվյալներ չկան այն հայերի քանակի մասին, ում նախնիներն իսլամ են ընդունել, բայց քրիստոնեությանը վերադառնալ ցանկացող հայերը շատ քիչ են: