22 հունիսի 2009 - 23:42 AMT
ՀՀ նախագահին կներկայացվի պաշտպանության համակարգի վերանայման փաստաթղթերի նոր փաթեթը
Հունիսի 22-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահել են հանձնաժողովի համանախագահներ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այդ մասին հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայություն:

Նիստի ընթացքում ամփոփվել են պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ` պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակման փուլի ընթացքում կատարված աշխատանքները: Արթուր Բաղդասարյանը եւ Սեյրան Օհանյանը շնորհակալություն են հայտնել միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Արթուր Բաղդասարյանն առաջարկել է միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին` մեկ շաբաթվա ընթացքում փաստաթղթի վերաբերյալ իրենց նկատառումները ներկայացնել հանձնաժողովի քարտուղարություն:

Հանձնաժողովը որոշում է կայացրել մշակված փաստաթղթերի փաթեթը մինչեւ հուլիսի 1-ը ներկայացնել հանրապետության նախագահին:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանձնաժողովի հետագա աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ: