25 հունիսի 2009 - 13:58 AMT
Երեւանում հանրահավաքի մասնակիցները չկարողացան իրենց պահանջները հասցնել Վրաստանի նախագահին
Այսօր Երեւանում, Armenia Mariott hյուրանոցի առջեւ, որտեղ կանգ է առել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, մի շարք հայկական հասարակական-քաղաքական կազմակերպություններ ծրագրում էին բողոքի ցույց անցկացնել: Սակայն ոստիկանությունը կոպտորեն ցրել է ցուցարարներին` ստիպելով նրանց նահանջել դեպի Հյուսիսային պողոտա եւ Տիգրան Մեծ փողոց:

Ցուցարարների նպատակը Վրաստանի պետության ղեկավարին տեղեկացնել էր հայ հասարակության մի շարք պահանջների մասին, որոնց թվում է Հայ Առաքելական Եկեղեցուն իրավական կարգավիճակ տալը, հայկական եկեղեցիների վրացականացման քաղաքականության դադարեցումը, Վրաստանի հայկական դպրոցներում ուսուցման որակի պահպանումն ու բարձրացումը, հայ-վրացական պետական համալսարանի ստեղծումը:

Ոստիկաններից մեկին ուղղված PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչ հիմունքով է ցրվում հանրահավաքը, վերջինս պատասխանել է, որ ցուցարարները խանգարում են հյուրանոցի շենքում անցկացվող միջոցառումներին: Սակայն, այդ պահին հյուրանոցի շենքում ոչ մի միջոցառում չէր անցկացվում: