29 հունիսի 2026 - 12:28 AMT
Ավինյան․ Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում իրականացվող կապիտալ շինարարական աշխատանքների ավարտին որակի հետ կապված որևէ թերություն չի ընդունվելու։

«Կիևյան կամրջի վրա ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, էլի գումար չենք տալու»,- հայտարարել է հայտարարել է նա, հայտնում է Factor.am-ը:

Նա խոսել է Ավետ Ավետիսյան փողոցում իրականացված հիմնանորոգման աշխատանքների մասին, որոնց շրջանակում նորացվել են տասնամյակներ շարունակ չփոխված ենթակառուցվածքները։ Քաղաքապետը նշել է, որ, չնայած կատարված աշխատանքների մեծ ծավալին, ասֆալտի հարթության և որակի, հատկապես դիտահորերի հատվածներում, դեռևս առկա են խնդիրներ։

Ավինյանը պարզաբանել է, որ այդ աշխատանքները դեռ չեն ընդունվել, և կապալառուները պետք է գիտակցեն, որ նման ծավալի հիմնարար աշխատանքներից հետո ասֆալտապատումը պետք է կատարվի անթերի։

Հունիսի 22-ին հայտարարվել էր, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի հիմնանորոգման ծրագիրն ավարտական փուլում է, երթևեկության ամբողջական վերականգնումը նախատեսվում է առաջիկա օրերին։