29 հունիսի 2009 - 13:49 AMT
Հայ ձյուդոիստը Եվրոպայի առաջնությունում դիրքերը զիջել է Թուրքիայի ներկայացուցչին
Հունիսի 28-ին ավարտվել է Կոպերում (Սլովենիա) ընթացող Ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանի հավաքականը, որն առաջնությանը մասնակցում էր յոթ մարզիկի կազմով, միայն մեկ բրոնզե մեդալ է նվաճել` այդպիսով թիմային ստուգարքում զբաղեցնելով 25-րդ տեղը:

Հայաստանի կողմից աչքի է ընկել Դավիթ Ղազարյանը` ելույթ ունենալով մինչեւ 60 կգ քաշային կարգում:

Ելույթ ունենալով վերջին մրցաշարում` Արման Սողոմոնյանը (81 կգ ք/կ) նույնպես չի կարողացել դրսեւորել իր լավագույն հատկությունները, եւ առաջին իսկ մենամարտում պարտություն կրելով Թուրքիայի ներկայացուցիչ Բաթուհան Էֆեմգիլից, դուրս է մնացել հետագա պայքարից:

Արդյունքում, թիմային ստուգարքում առաջին տեղը 9 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներով զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը, երկրորդ տեղում ` երկու ոսկե մեդալով Իտալիայի հավաքականն է, իսկ 1 ոսկե եւ 1 արծաթե մեդալներով առաջնորդների եռյակը եզրափակում է Սլովենիայի հավաքականը:

Մեկական ոսկե մեդալ նվաճել են նաեւ Ուկրաինան, Ֆրանսիան, Լիտվան եւ Իսրայելը, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ տեղերը: