4 հուլիսի 2026 - 10:16 AMT
ՆԳՆ-ն պարզաբանել է, թե ով կարող է դիմել վարորդական վկայականի վերականգնման համար

Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է, թե ովքեր և երբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար ըստ նոր ընթացակարգի, որն ուժի մեջ է մտնելու հուլիսի 6-ից։

«Եթե ձեր վարելու իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ՝ զրկվել եք 2025-ի մարտ ամսին, և արդեն իսկ լրացել է զրկման ժամկետը, ապա հուլիսի 6-ից սկսած ունեք 1 տարի ժամանակ՝ վերականգնելու ձեր վարորդական իրավունքի վկայականը:

Եթե զրկման ժամկետը լրանալու է հուլիսի 6-ից հետո՝ օրինակ վարորդական իրավունքից զրկվել եք այս տարվա փետրվարի 10-ին, ապա վարորդական վկայականի վերականգնման համար կարող եք դիմել զրկման ժամկետի լրանալուց հետո՝ 2027-ի փետրվարի 10-ից սկսած մեկ տարվա ընթացքում»,-ասվում է ՆԳՆ տեսանյութում։

Գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել roadpolice.am կայքում՝ ընտրելով զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների ծառայությունը։

Ներկայանալու օրը պետք է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և 50 հազար դրամ պետական տուրքի վճարման անդորրագիրը:

«Եթե անհրաժեշտ է ստանալ նոր վարորդական վկայական, պետք է վճարել նաև 12 հազար դրամ, իսկ թվային վարորդական վկայականի դեպքում՝ 6 հազար դրամ պետական տուրք»,-հայտնել է Ներքին գործերի նախարարությունը: