29 հունիսի 2009 - 22:47 AMT
Հայաստանը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիթորինգի տակ
«ԵԽԽՎ ողջ գարնանային նստաշրջանի ընթացքում, «Ժառանգություն» կուսակցության ջանքերն ուղղված էին Եվրոպայի Խորհրդի առջեւ Հայաստանի պարտավորությունների կատարմանն ու քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, ինչպես նաեւ 10 անմեղ զոհերի գործերի բացահայտմանը»,-հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ԵԽԽՎ-ում պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Ինչպես նշել է Սաֆարյանը, թեեւ Զ.Փոստանջյանի առաջարկած լրացումներն չընդունվեցին, դրանց հիմնական դրույթներն ընդգրկվեցին ԵԽԽՎ զեկույցում անուղղակի կերպով: «Մենք բոլորս գիտենք, որ Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները ջանադրաբար աշխատում էին մարտի 1-2 իրադարձությունների վերաբերյալ փաստահավաք խմբում: Մեզ հաջողվեց հասնել նրան, որ խումբն իրավաբանական կարգավիճակ ստանա»,-ասել է նա:

Նրա խոսքերով, Հայաստանը դեռեւս մնում է դիտարկման տակ, իսկ զեկույցում ընդգրկվել են նաեւ դրույթներ, որոնց համաձայն վեհաժողովը կհետեւի մարտի 1-ի իրադարձությունների գծով դատավարություններին: