30 հունիսի 2009 - 00:02 AMT
Առկա խնդիրնեը պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերապատվելի Կլաուդիո Գուջերոտտիին (նստավայրը Թբիլիսի): Սուրբ Աթոռի նվիրակը Հանրապետության Նախագահին փոխանցել է Հռոմի Պապ Բենեդիկտ 16-րդի բարեմաղթանքը:

Նախագահ Սարգսյանը ողջունելով Կլաուդիո Գուջերոտտիին` ասել է, որ գերապատվելին երկար տարիներ լինելով Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը մեր երկրում, իր փորձն ու գիտելիքները ներդրել է Հայաստանի եւ Վատիկանի միջեւ հարաբերությունների զարգացմանն ու ակտիվացմանը:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգեւոր կենտրոն, այլեւ՝ մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան, աշխարհում հանդուրժողականության, փոխըմբռնման, խաղաղության պահպանման ջատագով:

Երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանը եւս մեծապես շահագրգռված է մեր տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության հաստատմամբ, գտնում է, որ առկա խնդիրնեը պետք է կարգավորվեն երկխոսության, ոչ թե ուժի գործադրման միջոցով եւ իր բոլոր գործողությունները կառուցում է ելնելով այս համոզմունքից: