30 հունիսի 2009 - 23:14 AMT
Հայաստանի եւ Սիրիայի միջեւ մշակութային համագործակցությանը կարող է նոր թափ հաղորդել զբոսաշրջության զարգացումը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարար Ռիադ Նաասան Աղային։

ՀՀ վարչապետը ողջունելով հյուրին, հատկանշական է համարել, որ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի այցին անմիջապես հաջորդել է Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերի անցկացումը` որպես երկկողմ համագործակցության նոր դրսեւորում։

Ռիադ Նաասան Աղան ՀՀ վարչապետին է փոխանցել Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետի ջերմ ողջույնները։

Զրույցի ընթացքում երկու երկրների միջեւ մշակութային համագործակցությունը գնահատվել է կայուն եւ զարգացող, ինչին կարող է նոր թափ հաղորդել տնտեսական կապերի աշխուժացումը, զբոսաշրջության զարգացումը։ Հայաստանի եւ Սիրիայի միջեւ դարավոր կապերի ամրապնդման եւ բարեկամ ժողովուրդների միջեւ որակապես նոր հարաբերությունների ձեւավորման գործում կարեւորվել է հայ համայնքի դերը: