2 հուլիսի 2009 - 14:38 AMT
Արցախը շահագրգռված է Եվրամիության հետ ավելի լայն համագործակցության հաստատման մեջ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ:

Կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Բակո Սահակյանը նշել է, որ առանց ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցության հնարավոր չէ հասնել հակամարտության լիարժեք կարգավորմանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Եվրամիության հետ ամենատարբեր բնագավառներում ավելի լայն համագործակցության հաստատման մեջ: Միաժամանակ Նախագահը ավելացրել է, որ դրա համար առկա են համապատասխան նախապայմաններ, մասնավորապես, Արցախի հավատարմությունը ժողովրդավարական զարգացման ուղուն: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: