3 հուլիսի 2009 - 13:44 AMT
Հենրիկ Լարսոնի կրկնակի գոլը հաղթանակ բերեց «Հելսինբորգին» «Միկայի» հետ խաղում
Հուլիսի 2-ին Աշտարակի «Միկան» մասնակցեց Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի առաջին խաղին` շվեդական «Հելսինբորգի» հետ: Ինչպես ակնկալվում էր, նախաձեռնողը շվեդական կողմն էր, սակայն առաջին խաղակեսում Աշտարակի թիմը կարողացավ անառիկ պահել իր դարպասները: Սակայն 2-րդ խաղակեսի սկզբում, 51-րդ րոպեին շվեդների աստեղային հարձակվող Հենրիկ Լարսոնը բացեց խաղի հաշիվը: Պատասխան գոլը հետեւեց 15 րոպե անց` աշտարակցիների իսպանացի լեգիոներ Ուլիսես Մոնտենեգրոն վերականգնեց հաշիվը ճշգրիտ հարվածով: «Միկայից» մի քանի լավ պահերի հեղինակ դարձավ հարձակվող Բոտի Դեմելը Կոտ դ'Իվուարից, սակայն չկարողացավ իր շանսն օգտագործել:

Սամվել Դարբինյանի սաները հաջողությամբ պաշտպանվում էին, երբեմն անցնելով հակահարձակման, եւ թվում էր, որ խաղը ոչ ոքի կավարտվի, սակայն 87-րդ րոպեին Լարսոնը խփեց երկրորդ գոլը, իսկ լրացուցիչ 1 րոպեում գոլ խփեց Էրիկ Սունդին:

Այդպիսով, «Բանանցից» հետո Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի առաջին խաղում պարտություն կրեց նաեւ Աշտարակի «Միկան», մրցակցի դաշտում զիջելով 3:1 հաշվով:

Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 9-ին Երեւանում: