3 հուլիսի 2009 - 20:33 AMT
Նիկոլ Փաշինյանը մինչեւ ամառվա վերջ գտնվելու է կալանքի տակ
«Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ընդհատակից եւ ինքնակամ հանձնվել Հայաստանի իրավապահ մարմիններին, եւ նրա կալանավորման ժամկետը երկարացվել է 2 ամսով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի դատախազության մամլո քարտուղար Սոնա Տրուզյանը:

Հուլիսի 1-ին 2008-ի մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակից, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, հետախուզության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը հանձնվել է իրավապահ մարմիններին, որից հետո ձերբակալվել է եւ տեղափոխվել «Երեւան-Կենտրոն» համայնքի քրեակատարողական հիմնարկ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է դուրս գալ ընդհատակից եւ իմանալով, որ իր հաջորդ ապաստարանը բանտն է լինելու, այնուամենայնիվ շարունակելու է քաղաքական պայքարը:

2008-ի փետրվար-մարտ ամիսներին հայկական ընդդիմությունը, դժգոհ մնալով 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքներից, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ Երեւանի կենտրոնում ցույց է կազմակերպել: Մարտի 1-2-ը բողոքի ակցիաները վերածվեցին անկարգությունների, որոնց արդյունքում մահացավ 10 մարդ: Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հետախուզություն էր հայտարարվել: