6 հուլիսի 2009 - 15:22 AMT
Սյուզի Կենտիկյանը հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսները
Հայ բռնցքամարտիկ, ամենաթեթեւ քաշային կարգում (մինչեւ 51 կգ) WBA եւ WIBF վարկածներով աշխարհի պրոֆեսիոնալ կանանց երկակի չեմպիոն Սյուզաննա Կենտիկյանը (Killer Queen0) համոզիչ հաղթանակ տարավ WBA վարկածով երկրորդ ամենաթեթեւ քաշային կարգում (մինչեւ 52 կգ) արգենտինուհի Կարոլինա Մարսելե Գուտիերես Գայտեի հանդեպ: Մենամարտը կայացավ «Universum Champions Night» բռնցքամարտի շոուի շրջանակներում «Color Line Arena»-ում Կենտիկյանի հայրենիք քաղաքում` Համբուրգում:

Բոլոր 10 ռաունդների ընթացքում Կենտիկյանը հսկում էր մենամարտը: հայ մարզիկը հաջողությամբ պաշտպանվում էր մրցակցի եզակի հարվածներից եւ մշտապես ինքը հարձակվում` դիպուկ հարվածներ հասցնելով Գայտեին:

Կենտիկյանին մրցավարների միաձայն որոշմամբ 100:90 հաշվով հաղթանակ հաշվեցին:

Այդպիսով, Կենտիկյանը 10-րդ անգամ պաշտպանեց իր WBA եւ 7-րդ անգամ` WIBF տիտղոսը: