8 հուլիսի 2009 - 19:08 AMT
Օբամա-Մեդվեդեւի մոսկովյան համաձայնագրերը նվազեցնում են Կովկասի աշխարհաքաղաքական դերը
«Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարների հանդիպմանը հիմնականում քննարկվեցին հետեւյալ կարեւոր հարցերը` ՀՀՊ համակարգերի տեղակայումը Եվրոպայում, ռազմավարական հարձակվողական սպառազինության եւ բեռները Աֆղանստան տեղափոխելու համար ռուսական կապն օգտագործելու մասին պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակումը»,- այսօր մամլո ասուլիսին նշել է հայ քաղաքագետ Իգոր Մուրադյանը:

Շոշափելով առաջին ոլորտը` Մուրադյանը մատնանշել է, որ ԱՄՆ նախկին վարչակազմի քաղաքականությունն ուղղված էր ռազմա-քաղաքական բաղադրիչների հզորացմանը, ինչն էլ բխեցնում էր Եվրոպայում ՀՀՊ տեղակայման ծրագիրը: Այդ ծրագիրը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու եւս մեկ լծակ դարձավ ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ համատեղ:

Մուրադյանը գտնում է, որ Մոսկվայում ստորագրված պայմանագիրը բեռները Աֆղանստան տեղափոխելու համար ռուսական կապն օգտագործելու մասին նվազեցնում են Կովկասի աշխարհաքաղաքական դերը, քանի որ մեր տարածաշրջանի կապերը չեն օգտագործվի այդ նպատակներով: Նա ընդգծել է, որ դա լավ է, քանի որ որքան քիչ ուշադրություն սեւեռվի Կովկասի վրա, այնքան քիչ ճնշում կլինի նրա վրա: Նա նաեւ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ եթե Իրաքում նավթի արդյունահանումն աճի, ապա կարող է նվազել նաեւ Կասպիական ավազանի նավթի նշանակությունը: