10 հուլիսի 2009 - 18:54 AMT
Հասմիկ Պողոսյան. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը դարձել է Հայաստանի այցեքարտը
«Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնը, որը տեղի կունենա հուլիսի 12-19 Երեւանում, նախորդ 5 տարիներին անցել է կայացման ուղին ու այս տարի արդեն հանդես է գալիս որպես ճանաչում ունեցող փառատոն:

«Մի ամբողջ տարի մենք սպասում ենք «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, վստահ լինելով, որ կազմակերպիչները հերթական անգամ մեզ տոն կպարգեւեն: Իմ արտերկրի գործընկերները բազմիցս են հետաքրքրվել փառատոնով: Վստահաբար հայտարարում եմ, որ կինոփառատոնը դարձել է Հայաստանի այցեքարտն աշխարհում»,-ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Իր հերթին փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը հայտարարել է.«Եթե մեզ ճանաչում են այնպիսի պետություններում, ինչպիսիք են Լաոսը, Հոնդուրասը, որտեղ կինոն ամենակարեւոր ու զարգացած ոլորտը չէ, ապա կարելի է ասել, որ «Ոսկե փառատոնը» դարձել է ճանաչված կինոփառատոներից մեկը»:

«Փառատոնն իր ուղին անցնում է մշակույթի նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Եվ մենք ուրախ ենք հայտարարել, որ ամեն տարի աճում է մասնակցության հայտ ներկայացրածների թիվը, եւ գնալով ավելի շատ ճանաչված կինեմատոգրաֆիստներ են մասնակցում «Ոսկե ծիրանին»,-ասել է փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը: