21 հուլիսի 2009 - 23:23 AMT
ՀՀ պաշտպանության նախարարությունը կարեւորում է Կանզաս նահանգի հետ համագործակցությունը
Ս.թ. հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Թոդ Բանթինգին, որին ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:

Ողջունելով հյուրին` Ս. Օհանյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարեւորում է Կանզաս նահանգի հետ շուրջ վեց տարվա համագործակցությունը, ինչի վկայությունն են Կանզասի Ազգային գվարդիայի ղեկավարի կանոնավոր դարձած այցելությունները Հայաստան: Ընդգծվեց նաեւ, որ երկու երկրների համագործակցությունը շարունակում է զարգանալ խաղաղապահ գործողությունների, ռազմական կրթության եւ ռազմական բժշկության բնագավառներում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին եւ դրանք առավել խորացնելու ու ընդլայնելու հեռանկարներին առնչվող հարցեր: Այդ մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: