22 հուլիսի 2009 - 22:32 AMT
Բերնար Ֆասյեն բացառել է ղարաբաղյան գործընթացում Անկարայի միջնորդության հնարավորությունը
Ամեն տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը գնալով բարդանում է: Այդ մասին հայտարարել է Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիան ներկայացնող համանախագահ Բերնար Ֆասյեն : «Ես հույս ունեմ, որ հակամարտության գոտում պատերազմ չի սկսվի», - ընդգծել է ֆրանսիացի դիվանագետը:

Բերնար Ֆասյեն բացառել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Անկարայի միջնորդության հնարավորությունը, հիշեցնելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան հանդես են գալիս որպես «մեկ ազգ, մեկ պետություն»:

«Թուրքիայի միջնորդությունն այդ գործընթացին անհնարին է: Դա է առողջ բանականության պահանջը», - հայտարարել է ֆրանսիացի համանախագահը, ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կանոնավորումը պետք է դիտարկվեն որպես երկու առանձին գործընթաց: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ երկու գործընթացներից ցանկացածում առաջընթացը կարող է «դրական եւ օգտակար» ազդեցություն գործել մյուսի վրա, գրում է թուրքական Today's Zaman թերթը: