24 հուլիսի 2009 - 20:05 AMT
Ղարաբաղի հարցում Հայաստանում պետք է ամբողջական փոխըմբռնում լինի
«Ոչ մի քաղաքական գործիչ կամ քաղաքական ուժ չպետք է շահարկի Արցախի խնդիրը եւ այդ հարցում մենք պետք է ամբողջական փոխըմբռնում ունենանք»,-այսօրվա մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Լրագրողների այն հարցին, թե ԼՂՀ կարգավիճակի դիմաց կոնկրետ որ տարածքներն են հանձնվելու` Սահակյանն ասել է, որ ոչ ոք ոչինչ մտադիր չէ զիջել, քանի դեռ չեն կոնկրետացվել բոլոր չլուծված հարցերը:

Ըստ Սահակյանի, անցել են «խոսքով հայրենասիրության» ժամանակները եւ լավ կլիներ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՀՀ քաղաքական ուժերը հանդես գան կոնկրետ ու իրատեսական առաջարկներով:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին` Գ.Սահակյանը հայտարարել է, որ մադրիդյան սկզբունքների հրապարակումից հետո ղարաբաղյան կողմն անպայման կմասնակցի բանակցություններին, սակայն թե որ փուլում դա տեղի կունենա, դեռեւս հայտնի չէ: