28 հուլիսի 2009 - 22:06 AMT
Սերժ Սարգսյան. Հակամարտությունների լուծման ունիվերսալ մեթոդներ գոյություն չունեն
Տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի կիրառման եւ բացառապես խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համաձայն: Այդ մասին Երեւանում Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանը:
«Մենք համոզված ենք, որ չկան հակամարտությունները կարգավորող ունիվերսալ ձեւեր: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագման պատմությունը, դրդապատճառները, իր յուրահատուկ ընթացքը: Առանց դրանք հաշվի առնելու հնարավոր չէ գտնել արդարացի եւ կայուն լուծում»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Բորիս Տադիչն իր հերթին նշել է, որ հարգում եւ բարձր է գնահատում խաղաղ բանակցությունների անցկացման մեթոդները, որոնցով առաջնորդվում են Հայաստանը Կովկասում եւ Սերբիան Բալկաններում: «Միայն խաղաղ ճանապարհով կարելի է հասնել հակամարտության երկարաժամկետ կարգավորման»,- ընդգծել է Սերբիայի նախագահը: