29 հուլիսի 2009 - 00:06 AMT
«Արին-Բերդ»-ի վերականգնման աշխատանքների ընթացքում հավելագրումներ են կատարվել
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող «Էրեբունի բնակատեղի (Արին-Բերդ)»-ի վերականգնման աշխատանքների ընթացքում հավելագրումների միջոցով գումար հափշտակելու դեպքի առթիվ:

Ուսումնասիրելով «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող «Էրեբունի բնակատեղի (Արին-Բերդ)»-ի վերականգնման աշխատանքների վերաբերյալ նյութերը պարզվել է, որ ՀՀ մշակույթի նախարարության եւ «Արագածոտն» ՓԲԸ-ի միջեւ 2008թ. հունիսի 19-ին կնքված «Հուշարձանների վերականգնում» ծրագրի շրջանակներում հիշյալ ընկերությունը ստանձնել է «Արին-Բերդ»-ի վերականգնման աշխատանքների իրականացումը: 2008թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին, «Արագածոտն» ՓԲԸ-ի տնօրեն Լ. Ղուկասյանը պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եւ դրանք օգտագործելու միջոցով կատարել է աշխատանքների ծավալների 1. 196,2 հազար դրամի հավելագրումներ: Դրա հիման վրա մշակույթի նախարարությունից ստացել եւ խաբեությամբ հափշտակել է 1.196,2 հազար դրամ խոշոր չափի գումար: Փաստի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ ըստ էության քննելու համար, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: