30 հուլիսի 2009 - 18:33 AMT
ՀԱԿ-ում համոզված են, որ ընթանում է ԼՂՀ շուրջ մեծ պայմանագրի ակտիվ մշակումը
«Իմ համոզմամբ, Կարկովում արդեն սկսվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ մեծ պայմանագրի ակտիվ մշակումը, ինչի մասին վկայում են զանազան փաստերը»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող խորհրդի անդամ Դավիթ Շահնազարյանը:

Շահնազարյանի խոսքով, Մոսկվայում կայացած հանդիպմանը լուրջ համաձայնություններ են ձեռք բերվել, իսկ նման մակարդակով հանդիպումների ժամանակ բանավոր պայմանավորվածությունները ոչնչով չեն տարբերվում գրավորներից:

Որպես իր խոսքերի լրացուցիչ փաստարկ` Շահնազարյանը օրինակ բերեց ԵՄ ու Եվրահանձնաժողովի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ իրենք պատրաստ են աջակցել հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացին:

Շահնազարյանը շոշափել է նաեւ հնարավոր պատերազմի հարցը` հայտնելով, որ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանի դաշնակիցներից ոչ մեկը նրան աջակցություն չի ցուցաբերի: