3 օգոստոսի 2009 - 20:21 AMT
«Միսս յոթ մայրցամաք-2009» մրցույթի նպատակն էր ցույց տալ Հայաստանն աշխարհին
«Միսս յոթ մայրցամաք-2009» մրցույթի նման գեղեցկության մրցույթները փառք են բերել այն երկրներին, որտեղ անց են կացվել, եւ ես կցանկանայի, որ Հայաստանը եւս այդ երկրների թվում հայտնվեր»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է մրցույթի հիմնադիր ու նախագահ Աշոտ Խաչատրյանը: Ըստ նրա, այս մրցույթի անցկացումը Հայաստանում ոչ թե բիզնես է, այլ Հայաստանի հնարավորությունները աշխարհին ցույց տալու միջոց: «Ժամանակի հետ մեր կազմակերպած մրցույթները կգերազանցեն իրենց մակարդակով ու որակով «Միսս աշխարհ» մրցույթը,-ասել է «Միսս յոթ մայրցամաք-2009» մրցույթի պրոդյուսեր Արթուր Ազարյանը:

Ազարյանը նշել է նաեւ, որ «Միսս յոթ մայրցամաք-2009» մրցույթը խթան է Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար, քանի որ մրցույթին մասնակցել ցանկացողների քանակը գնալով ավելանում է եւ դրան համապատասխան աճում է հետաքրքրությունը երկրի հանդեպ: Նա հավելել է, որ մրցույթի մասնակիցները ծանոթացան Հայաստանի տեսարժան վայրերին: «Բոլորին այնքան էր դուր եկել Երեւանը, որ նրանք չէին ուզում մեկնել»,-ասել է Ազարյանը:

Հուլիսի 29-ին Հայաստանում առաջին անգամ անցավ «Միսս յոթ մայրցամաք-2009» մրցույթը, որի կազմակերպիչն էր «Miss եւ Mister» բարեգործական հիմնադրամը:

Մրցույթին մասնակցեցին Հայաստանի, ՌԴ-ի, Վրաստանի, Չերնոգորիայի, Էստոնիայի, Նիգերիայի, Լատվիայի, Սլովենիայի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Սլովակիայի, Մոլդովայի, Բրազիլիայի, Բելառուսի, Ուկրաինայի ներկայացուցիչները: