4 օգոստոսի 2009 - 11:56 AMT
Եվրամիությունը սառնասրտության կոչ է անում Ցխինվալին ու Թբիլիսիին
Շվեդիան ԵՄ-ում նախագահող երկրի իրավունքով հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում Վրաստանին ու Հարավային Օսեթիային զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Ստոկհոլմը կոչ է անում թույլ տալ եվրոպացի դիտորդների «անարգել մուտք գործել Հարավային Օսեթիայի սահմանի երկու կողմում գտնվող տարածք: ՌԴ-ն հրապարակված փաստաթղթում չի հիշատակվում:
ԵՄ հայտարարությունը հայտնվեց այն բանից հետո, երբ Մոսկվան ու Թբիլիսին փոխադարձ մեղադրանքներ փոխանակեցին` միմյանց տարածքը գնդակոծելու վերաբերյալ:
ԵՄ ներկայացուցիչները հայտարարում են, որ Եվրամիության դիտորդների առաքելության անդամներին չի հաջողվել Վրաստանում հայտնաբերել ՌԴ-ի կողմից գնդակոծման հետքեր:
Թբիլիսին մտավախություն է հայտնել, որ «Վրաստանի դեմ ՌԴ ագրեսիայի տարելիցի մոտենալուն հետ, ռուսական կողմն ու նրա կողմից վերահսկվող Ցխինվալի ռեժիմը գիտակցաբար լարում են իրավիճակը եւ սադրանքներ են հրահրում»:
Շաբաթվա վերջում ՌԴ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում ուժ կիրառել «Հարավային Օսեթիայի ու ՌԴ զինծառայողների քաղաքացիներին պաշտպանելու համար»:
ՌԴ զինվորականները հայտարարել են, որ նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ «հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը Հարավային Օսեթիայի մայրաքաղաքը բազմիցս գնդակոծվել է:
Թբիլիսիում մեղադրանքներն իր հասցեին անհիմն են համարել, իսկ ՌԴ զինվորականների հայտարարությունը գնահատել են որպես «անսքող սպառնալիք Վրաստանի հասցեին»: