4 օգոստոսի 2009 - 13:16 AMT
ՌԴ ռազմակայանը Ռուսաստանի ու Ուզբեկստանի միջեւ հակասությունների պատճառ է դարձել
Ուզբեկստանը դեմ է ռուսական ռազմակայանի տեղակայմանը Ղրղզստանի հարավում: Հանրապետության ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ ուզբեկական կողմը Ղրղզստանի հարավում ռուսական զինված ուժերի լրացուցիչ անձնակազմ տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում, որի մասին ասվում է ՌԴ-ի եւ Ղրղզստանի նախագահների օգոստոսի 1-ին կնքած ռազմական համագործակցության մասին հուշագրում:
Նման նախագծերի իրականացումը «բավականին բարդ ու դժվար կանխատեսելի տարածքում», որտեղ հատվում են երեք միջինասիական հանրապետությունների սահմանները, կարելի է հանգեցնել իրավիճակի լուրջ ապակայունացման մի ողջ տարածաշրջանում» ասվում է հայտարարության մեջ:

Դմիտրի Մեդվեդեւն ու Կուրմանբեկ Բակիեւը ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում հուշագիր են կնքել հանրապետության տարածքում լրացուցիչ ռուսական զինվորական զորակազմ տեղակայելու վերաբերյալ, որի կազմում կընդգրկվեն մեկ գումարտակ ու ղրղզական ու ռուսական զինվորականների նախապատրաստման ուսումնական կենտրոն:

Կողմերը մտադիր են մինչեւ 2009թ. նոյեմբերի 1-ը համաձայնագիր կնքել Ղրղզստանի տարածքում միավորված ռուսական ռազմակայանի տեղակայման ու կարգավիճակի վերաբերյալ:

Համաձայնագրի գործողության ժամկետը կկազմի 49 տարի, 25 տարով այն երկարացնելու հնարավորությամբ, հաղորդում է ՌԲԿ-ն: