11 օգոստոսի 2009 - 14:37 AMT
Հայ փորձագետ. Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը իրավաբանական բնույթ է կրում
Երկրի սահմաններից դուրս ՌԴ ԶՈՒ կիրառումը օրինականացնելու մասին օրինագիծը Պետական դումա ներմուծելու` Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը զուտ իրավաբանական բնույթ է կրում այն իսկ պատճառով, որպեսզի Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս զենք կիրառելու դեպքում երկրի ներսում իրավական թյուրիմացություններ չառաջանան: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված իր մեկնաբանության մեջ հայտնել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Արդյոք Ռուսաստանն օգտագործելու է իր զինված ուժերը երկրի սահմաններից դուրս, թե ոչ, առաջին հերթին կախված է ինքնին Ռուսաստանի շահերից եւ քաղաքական նպատակահարմարությունից»,- ընդգծել է հայ փորձագետը:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Դումա է ներմուծել «Պաշտպանության մասին» դաշնային օրենքի փոփոխությունների եւ լրացման մասին օրինագիծ, որը վերաբերում է ազգային տարածքի սահմաններից դուրս զինված ուժերը կիրառելու կարգին: Շտկումներն ուղղված են «պետության ղեկավարի համար ՌԴ տարածքից դուրս Ռդ Զինված ուժերի կազմավորումները օպերատիվ կերպով օգտագորշելու հնարավորությունն ապահովող իրավական մեխանիզմի ստեղծմանը»:

Ենթադրվում է նախագահին օժտել արտասահմանում զինված ուժի օգտագործման մասին որոշումը միանձնյա կայացնելու իրավունքով` արտասահմանում տեղակայված ռուսական զորքերի վրա հարձակումներին արձագանքելու, այլ պետության դեմ ագրեսիային արձագանքելու կամ այն կանխելու, ՌԴ քաղաքացիների պաշտպանության, ծովահենության դեմ պայքարի եւ նավագնացության անվտանգության ապահովման համար: ավելի վաղ երկրի սահմաններից դուրս ռազմական ուժ կիրառելու համար նախագահին պահանջվում էր Դաշնության Խորհրդի համաձայնությունը: