13 օգոստոսի 2009 - 14:24 AMT
ԱՄՆ-ի թուրքերը քարոզարշավ են նախաձեռնել Հայոց ցեղասպանության հերքմանը մասնակցելուց հրաժարված Google-ի դեմ
Ամերիկայի թուրքական կազմակերպությունները քարոզարշավ են նախաձեռնել Google-ի դեմ` փորձելով վերջինիս հարկադրել միանալ Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականությանը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA), տվյալ քարոզարշավը նախաձեռնվել էր այն բանից հետո, երբ Google-ն արգելափակել էր «Ամերիկայի թուրքական կոալիցիայի» գովազդը, որի դիտման ժամանակ օգտվողը հայտնվում էր Հայոց ցեղասպանությունը հերքող կայքում: Մինչեւ 2009 թվականի հունիսը «Հայոց ցեղասպանություն», «Հայաստան», «հայկական» արտահայտությունները որոնելիս մարդիկ հայտնվում էին Հայոց ցեղասպանությունը հերքող թուրքական կայքերում:

Մայիսին ANCA-ն մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարողներին եւ կողմնակիցներին կոչ էր արել դիմել Google-ի նախագահ Էրիկ Շմիդտին` պահանջելով վերանայել «Ամերիկայի թուրքական կոալիցիայի» գովազդի հարցը: Facebook սոցիալական ցանցում նաեւ բացվել էր «Դադարեցնել Հայոց ցեղասպանության դեմ թուրքական քարոզչությունը Google-ում»խումբը, որին միացել էր ավելի քան 9100 մարդ:

Ղեկավարվելով իր ոչ պաշտոնական «Չար մի եղիր» նշանաբառով, Google-ը որոշում էր կայացրել արգելափակել թուրքական գովազդները: