14 օգոստոսի 2009 - 16:03 AMT
Հայաստանի սպորտի նախարարն ընդունել է Համահայկական խաղերի մասնակիցներին` Ստամբուլի հայերի պատվիրակությանը
Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանն ընդունեց Համահայկական խաղերում ստամբուլահայ պատվիրակության անդամներին:

Ողջունելով հյուրերին` նախարարը կարեւորեց համահայկական խաղերում սփյուռքահայ համայնքների պատվիրակությունների մասնակցությունը ինչպես Հայաստան-սփյուռք հարաբերությունների պահպանման, այնպես էլ դրանց զարգացման առումով:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` ստամբուլահայ պատվիրակության անդամները իրենց գոհունակությունը հայտնեցին համահայկական խաղերի կազմակերպման բարձր մակարդակի համար:

Հանդիպման ընթացքում վերջիններիս կողմից հուշանվերներ հանձնվեցին նախարար Ա. Գրիգորյանին, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Ռոբերտ Ջանիբեկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանին: Ա. Գրիգորյանին հանձնվեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համար նախատեսված հուշանվեր` վերջինիս փոխանցելու խնդրանքով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխհամագործակցությանն առընչվող մի շարք այլ հարցեր: