17 օգոստոսի 2009 - 19:30 AMT
Հնդկաստանի հայկական համայնքը նշել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը
Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի օրը` Օգոստոսի 16-ը, նշանակալից էր հնդկահայ համայնքի եւ Մարդասիրական ճեմարանի սաների համար: Հնդկահայ համայնքում խաղողօրհնության տոնը ընդունված է որպես Սեյդաբադի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օր: Այս առիթով, կրկին անգամ, ուխտագնացություն էր կազմակերպվել դեպի` երբեմնի հայաշատ այս վայրը, որտեղ եւ մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ:

Օրվա պատարագիչն էր արժանապատիվ Տ. Ավետիս քհն. Համբարձումյանը: Հավարտ Ս. Պատարագի, Հայոց Եկեղեցու ընկալեալ ավանդության համաձայն, կատարվեց խաղողօրհնության արարողություն , ավարտին պատարագիչ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` մեկնելով օրվա խորհուրդը եւ ջերմորեն շնորհավորելով ներկաներին հիշարժան օրվա կապակցությամբ, այնուհետեւ օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին ներկա բազմությանը: Արարողությանը ներկա էին համայնքի անդամները, Մարդասիրական ճեմարանի սաները, ուսուցիչները եւ հյուրեր: