18 օգոստոսի 2009 - 20:18 AMT
Հայաստանում մայրենի լեզվով կնշագրեն ոչ պարենային ապրանքը
Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանը լրագրողներին հաղորդել է, որ Հայաստան ներկրվող ոչ պարենային ապրանքի մոտ 80% իրացման պահին չունեն հայերեն լեզվով նշագրումներ:

Եղոյանի խոսքով, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» կազմակերպությունն անցկացրել է քիմիկատներ պարունակող ապրանքի, այդ թվում` մաքրող եւ լվացող միջոցների, օծանելիքի եւ շպարի, ինչպես նաեւ կենցաղային տեխնիկայի դիտարկումներ եւ հայտնաբերել, որ այդ ապրանքների մեծ մասը չունի հայերեն նշագրում, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքին:

Ինչպես պարզաբանել է կազմակերպության ղեկավարը, քիմիկատներ պարունակող ապրանքները կարող է են վնասակար լինել սպառողների առողջության համար, ուստի նրանք պետք է հասանելի լեզվով լիարժեք տեղեկություն ստանան արտադրանքի կամ ապրանքի մասին նախքան այն գնելը: «Կա նաեւ ապրանքների որոշակի ցանկ, որոնք ժամկետն անցնելուց հետո կարող են վնաս հասցնել սպառողների առողջությանը, ունեցվածքին եւ շրջակա միջավայրին»,- նշել է Աբգար Եղոյանը եւ ավելացրել, որ նման տեսակի արտադրանքի մասին տեղեկատվությունը պետք է անպայման լինի ապրանքների վրա: Նա նաեւ հաղորդել է, որ այդ ապրանքների ցուցակը ներկա պահին գտնվում է Հայաստանի կառավարության հաստատման գործընթացում:

Անդրադառնալով կենցաղային տեխնիկային` Եղոյանը նշել է, որ բացի նշագրումից անհրաժեշտ է հայերեն թարգմանել նաեւ արտադրանքի շահագործման ցուցումները: Քանի որ մեր շուկայում կա նման կենցաղային ապրանք, որոնց օգտագործման ցուցումները չկան անգամ ռուսերեն լեզվով, ապա, ինչպես նշել է Եղոյանը, դա կարող է հանգեցնել եւ հանգեցնում է արտադրանքի փչանալուն եւ երաշխագրով վերանորոգելու անհնարինությանը, քանի որ արտադրանքը ոչ պիտանի է դարձել սպառողի պատճառով, որն իր հերթին չի կարողացել կարդալ ցուցումները: