22 օգոստոսի 2009 - 14:00 AMT
Այս տարի «Ես մարդ եմ» կինոփառատոնը կայցելի Հայաստանի եւ Արցախի մի շարք քաղաքներ
Աշնանը Հայաստանում կկայանա Խաղաղության եւ մարդու իրավունքների կովկասյան 3-րդ կինոփառատոնը` «Ես մարդ եմ»: Բացի Երեւանից այս տարի փառատոնին մասնակցող ֆիլմերը կցուցադրվեն նաեւ Հայաստանի մարզերում, մասնավորապես` Սյունիզի, Լոռու եւ Տավուշի մարզերում, ինչպես նաեւ Ստեփանակերտում, Շուշիում եւ Հադրութում: Գրեթե միաժամանակ փառատոնը կանցկացվի Վրաստանում, Ադրբեջանում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:

Ամեն տարի Խաղաղության եւ մարդու իրավունքների կովկասյան կինոփառատոնին ներկայացվում են մինչեւ տասներկու փաստագրական ֆիլմեր, որոնք ընտրվում են Պրահայում անցկացվող «Մեկ աշխարհ» կինոփառատոնի մասնակից ֆիլմերից: Փառատոնին կներկայացվեն փաստագրական ֆիլմեր Իսրայելից, Ղրղզստանից, Բուլղարիայից, Եգիպտոսից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Թայլանդից եւ Խորվաթիայից: Հայաստանում եւ Արցախում ֆիլմերը կցուցադրվեն ռուսերեն լեզվով եւ հայերեն տիտրերով:

Այս տարի «Ես մարդ եմ» փառատոնը կայցելի Հայաստանի հինգ քաղաքներ: Փառատոնային ֆիլմերի ցուցադրությունը կսկսվի սեպտեմբերի 10-12 Եղեգնաձորում, այնուհետեւ սեպտեմբերի 14-16 ցուցադրություններ կլինեն Վանաձորում, սեպտեմբերի 18-20` Նոյեմբերյանում, սեպտեմբերի 22-24` Կապանում եւ հոկտեմբերի 9-11` Երեւանում: Արցախում «Ես մարդ եմ» փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան սեպտեմբերի 28-30` Ստեփանակերտում, այնուհետեւ հոկտեմբերի 2-4` Հադրութում եւ հոկտեմբերի 5-7` Շուշիում: