28 օգոստոսի 2009 - 16:29 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկը խթանում է տնտեսությունը եւ զսպում գնաճը
Լավագույն վերաֆինանսավորման դրույքն այն է , որն ապահովում է ցածր գնաճ եւ բարձր տնտեսական աճ, ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսին լրագրողներին հայտնեց Հայաստանի Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Նրա խոսքերով, Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման դրույքները, ինչը ողջունվում է Ֆինանսների Նախարարության կողմից: «Դրույքի իջեցման գործընթացը շարունակվում է, ինչը խթանում է տնտեսությունը: Մենք ուրախ կլինեինք, եթե Կենտրոնական բանկը շարունակեր իջեցնել այն, սակայն նրա խնդիրների մեջ մտնում է ոչ միայն տնտեսության զարգացումը, այլ նաեւ ցածր գնաճի ապահովումը: Լավագույն վերաֆինանսավորման դրույքն այն է , որն ապահովում է ցածր գնաճ եւ բարձր տնտեսական աճ»,- նշեց Դավթյանը:

Այնուամենայնիվ, նախարարի խոսքերով, նկատվում են դրական միտումներ, որոնք ձեւավորում են «էժան փողեր»: «Սա շատ դրական իմպուլս է, որը դեպի առեւտրական բանկերի կողմն է ուղղված «էժան փողերի» ձեւավորման համար»,- բացատրեց նա:

2009թ. օգոստոսի 11-ին Հայաստանի Կենտրոնական բանկը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման դրույքը 0.25 տոկոսային կետով մինչեւ 5.25 տարեկան տոկոսադրույքով: Տարվա սկզբից վերաֆինանսավորման դրույքը կազմում էր 8%: Այն արդեն իջեցված էր վեց անգամ այս տարվա մարտի 3-ից հետո, երբ Կենտրոնական բանկը հայտարարեց լողացող փոխարժույթի քաղաքականությանը վերադառնալու մասին, բարձրացրեց վերաֆինանսավորման դրույքը մեկ տոկոսային կետով` սահմանելով այն տարեկան 7.75% -ով: