29 օգոստոսի 2009 - 14:03 AMT
Ամերիկացի կոնգրեսականը սխալ է համարում ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը սխալ է համարում ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որով Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին արգելվում է չվճարված ապահովագրական պայմանագրերը վճարելու հայցերով հանդես գալ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների դեմ: Նրա խոսքերով, Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առնի այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է Կալիֆորնիայի, ինչպես նաեւ ԱՄՆ 41 նահանգներում: «Ես վստահ եմ, որ դա ժամանակավոր երեւույթ է եւ մենք պետք է հաղթահարենք նաեւ դա: Ցավոք, այդ որոշումը հերթական հարվածը հանդիսացավ, սակայն մենք կկարողանանք հաղթահարել այն»,-համոզվածություն հայտնեց ամերիկացի կոնգրեսականը, հաղորդում է Asbarez.com-ը:

Օգոստոսի 20-ին ԱՄՆ Դաշնային բողոքարկիչ դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին արգելվում է չվճարված ապահովագրական պայմանագրերը վճարելու հայցերով հանդես գալ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների դեմ, քանի որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: