31 օգոստոսի 2009 - 14:42 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում զգացվում է արտաքին ճնշումը
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում զգացվում է արտաքին ճնշումը, հատկապես Թուրքիայի հանդեպ, քանի որ նա է միակողմանի կարգով փակել սահմանը, իսկ Հայաստանը միշտ կողմ է եղել սահմանի բացմանը առանց որեւէ նախապայմանի»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵՊՀ թրքագիտության ամբիոնի դասախոս, թրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքերով, քանի որ Թուրքիան շատ հմուտ դիվանագիտություն ունի, այն մինչ այժմ հաջողությամբ մանեւրում է միջազգային ասպարեզում եւ նրան հաջողվում է չեզոքացնել արտաքին ճնշումը:

Անդրադառնալով հայ հանրության տրամադրվածությանն այս հարցում, Մելքոնյանը նշել է, որ այս հարցում պետք է հաշվի առնել ոչ միայն ՀՀ հանրության տրամադրությունները, այլ նաեւ սփյուռքի շահերը, քանի որ այս հարցը հիմնականում հենց նրան է վերաբերում: «Այս համատեքստում սփյուռքի դիրքորոշումն առավել կոշտ է, քան ՀՀ հանրությանը, ինչն իր տրամաբանական բացատրությունն ունի: Հայ հանրությունը, հակառակը, մակերեսային պատկերացում ունի Թուրքիայի, թուրք հանրության եւ ընդհանուր առմամբ բաց սահմանի թերի եւ գրավիչ կողմերի մասին»,-ասել է Մելքոնյանը:

Այն հարցին, թե ինչպես կանդրադառնա սահմանի բացումը տնտեսության վրա, քանի որ ՀՀ տնտեսության մեջ բավականին մեծ դեր է կատարում ագրարային մասը, նա նշել է, որ ընդհանուր առմամբ թուրքական ագրարային տնտեսությունն առավել զարգացած է, քան հայկականը եւ այս առումով ՀՀ գյուղատնտեսական արտադրանքը կարող է չդիմանալ մրցակցությանը թուրք արտադրողների հետ: --ԿԱ--