3 սեպտեմբերի 2009 - 21:39 AMT
Սեպտեմբերին Հայաստանում կանցնի «Ես եմ» V Միջազգային երիտասարդական կինոփառատոնը
Սեպտեմբերի 26-ին Հայաստանում կմեկնարկի «Ես եմ» V Միջազգային երիտասարդական կինոփառատոնը: Ըստ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի, այս տարի փառատոնին մասնակցելու 224 հայտ է ներկայացվել, որոնցից ժյուրին ընտրել է միայն 135-ը: Այդ մասին Ռ.Գեւորգյանցը ասել է այսօր կայացած մամլո ասուլիսում:

Գեւորգյանցը մտահոգություն է հայտնել այս տարի փառատոնին ներկայացված երիտասարդ հայ կինեմատոգրաֆիստների ստեղծած գեղարվեստական ֆիլմերի ցածր մակարդակի վերաբերյալ:

«Երիտասարդների գեղարվեստական կինոժապավենների ցածր որակի պատճառը նրանց գրական աղքատ պաշարն է: Չէ որ դրամատուրգիան եւ ռեժիսուրան պետք է հիմնվեն հարուստ գրական հիմքի վրա, որը պետք է ունենա յուրաքանչյուր կինեմատոգրաֆիստ»,-ասել է Գեւորգյանցը:

«Ես եմ» V Միջազգային երիտասարդական կինոփառատոնը կանցնի սեպտեմբերի 26-30-ը: ՀՀ Ազգային կինոկենտրոնում վերանորոգման պատճառով, ցուցադրությունները կանցնեն «Մոսկվա» կինոթատրոնում: