7 սեպտեմբերի 2009 - 10:52 AMT
Լեւոն Արոնյանն անհաջող է մեկնարկել Բիլաբոյի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում
Լեւոն Արոնյանն անհաջող է մեկնարկել (2773) Բիլաբոյի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում, սեւերով զիջելով ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկին (2733): Հանդիպումն ավարտվեց պարտիայի 52-րդ քայլում:

Ուկրաինացի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը (2722) եւ իսպանացի Ալեքսեյ Շիրովը (2730) խաղաղ դաշն կնքեցին պարտիայի 26-րդ քայլում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին մեկնարկած «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչին մասնակցում են բոլոր չորս վերոնշյալ շախմատիստները:

Իսկ Լ.Արոնյանը մասնակցում է մարցաշարին անսպասելիորեն իր թեկնածությունը հանած Վեսելին Տոպալովի փոխարեն, որը նախապատրաստվում է Վիշվանաթան Անանդի դեմ շախմատի թագի համար կայանալիք պայքարին:

Ժամանակի հսկողություն` 1 ժամ 30 րոպե 40 քայլի համար եւ 60 րոպե մինչեւ պարտիայի ավարտը` 30 վայրկյանի հավելումով յուրաքանչյուր քայլի համար, 41-րդ քայլից սկսած:

Խաղի օրերը` սեպտեմբերի 6-8, 10-12: Հանգստյան օր` սեպտեմբերի 9-ը: Փակման արարողությունն ու պարգեւատրումը տեղի կունենան սեպտեմբերի 12-ին, վերջին պարտիայի ավարտից անմիջապես հետո:

2-րդ փուլում Արոնյանը սպիտակներով կխաղա Կարյակինի դեմ, իսկ Գրիշչուկը ուժերը կչափի Շիրովի հետ:

1-ին փուլի դասավորությունը. Գրիշչուկ-3, Կարյակին-1, Արոնյան-0: