7 սեպտեմբերի 2009 - 10:59 AMT
Հայաստանի շախմատի կանանց հավաքականն առաջին հաղթանակն է տարել աշխարհի թիմային առաջնությունում
ՀՀ շախմատի կանանց հավաքականը աշխարհի թիմային առաջնության 5-րդ փուլում տարավ իր առաջին հաղթանակը, նվազագույն 2,5-1,5 հաշվով առաջ անցնելով մրցաշարի առաջատար` Վրաստանի հավաքականից:

Հայաստանից հաղթանակ տոնեցին Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը: Մկրտչյանը հաղթեց Լեյլա Ջավախիշվիլիին, իսկ Գալոյանն առաջ անցավ Սոփիկո Խուխաշվիլիից: Նելլի Աղինյանն, իր հերթին, խաղաղ դաշն կնքեց Մայա Լոմինեիշվիլիի հետ: Իսկ Էլինա Դանիելյանը, որը հանդես է գալիս հայկական հավաքականի առաջին խաղատախտակին, իր 4-րդ պարտությունը կրեց` զիջելով Նանա Ձագնիձեին:

Առաջին չորս փուլերում հայ շախմատիստուհիներն երկու անգամ պարտություն են կրել խոշոր հաշվով` սկզբից ԱՄՆ հավաքականի հետ խաղում` 3,5:0,5 հաշվով, հետո` Չինաստանի առաջին հավաքականի հետ խաղում նույն հաշվով, եւ երկու անգամ ոչ ոքի են գրանցել Ռուսաստանի ու Հնդկաստանի հավաքականների հետ:

Առաջին հաղթանակից հետո հայ շախմատիստուհիները 4 միավորով մրցաշարային աղյուսակի նախավերջին 9-րդ տեղից անցան 7-րդ տեղը: Օգտվելով Վրաստանի հավաքականի անհաջող ելույթից` մրցաշարի միանձնյա առաջատար դարձավ Լեհաստանի հավաքականը, որը 3:1 հաշվով հաղթեց հնդիկներին:

Աշխարհի առաջնության 7-րդ փուլում հայ շախմատիստուհիները կհանդիպեն մրցաշարի առաջտար Լեհաստանի հավաքականի հետ:

5-րդ փուլի արդյունքները.

Չինաստան 2-ԱՄՆ` 2,5:1,5
Ուկրաինա-Վիետնամ` 3,5:0,5
Հնդկաստան-Լեհաստան` 1:3
Հայաստան-Վրաստան` 2,5:1,5
Ռուսաստան-Չինաստան` 1`2:2:

Մրցաշարային դասավորությունը 5-րդ փուլից հետո.

Լեհաստան` 9 միավոր
Չինաստան 1`7 միավոր
Վրաստան` 7 միավոր
Ուկրաինա` 6 միավոր
Ռուսաստան` 5 միավոր
Չինաստան 2` 5 միավոր
Հայաստան` 4 միավոր
ԱՄՆ`3 միավոր
Հնդկաստան` 3 միավոր
Վիետնամ` 1 միավոր: