7 սեպտեմբերի 2009 - 12:37 AMT
Հայաստանն ու Սիրիան մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը
Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովը Հայաստան է ժամանել խորացնելու համար երկկողմ համագործակցությունը, լրագրողներին է ասել Սիրիայի Առեւտրա-արդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի անդամ, հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Լեւոն Զաքի Ետալեանը:

Ըստ նրա, համագործակցության շրջանակները չեն սահմանափակվում միայն ապրանքների ներմուծմամբ ու արտահանմամբ, խոսքը գնում է նաեւ բանկային, գիտական ներուժի փոխանակման, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության ոլորտներում համագործակցության մասին: «Մի քանի տարի առաջ համագործակցությունը առեւտրատնտեսական ոլորտում թույլ էր զարգացած, այժմ մենք բոլոր ջանքերը գործադրում ենք այն խորացնելու համար»,-ասել է նա: Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նախագահը հաղորդել է, որ ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Սիրիայի միջեւ կազմել է շուրջ 6 մլն դոլար, իսկ հանձնաժողովի աշխատանքը միտված է այդ ցուցանիշի ավելացմանը: Միեւնույն ժամանակ Ետալեանը նշել է, որ Սիրիան շահագրգիռ է խորացնել համագործակցությունը առեւտրի ոլորտում:

Բացի այդ, Ետալեանը հավելել է, որ Սիրիայում շուրջ 100 000 հայ է բնակվում, եւ այդ համատեքստում կարեւորվում է հումանիտար համագործակցությունը, այս փուլում այդ ուղղությամբ շատ հանձնաժողովներ են ստեղծվում, որոնք կզբաղվեն այդ հարցերով:

Երեւանում մեկնարկել է հայ-սիրիական երկկողմ տնտեսական, արդյունաբերական եւ գիտահետազոտական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը:

Վերջին տարիներին երկու երկրների միջեւ համագործակցության շրջանակներում իրականացվել են մի շարք ծրագրեր, ձեւավորվել է անհրաժեշտ օրենսդրական դաշտ, ստորագրվել է շուրջ 40 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր, որոնց մեծ մասն արդեն իրականացվել է:

Նիստի շրջանակներում կողմերը կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները, այդ թվում նոր ոլորտներում, մասնավորապես, հումանիտար ոլորտում համագործակցության մասին:

Նիստի արդյունքում մի շարք փաստաթղթեր կստորագրվեն, որոնք վերաբերում են համագործակցության զարգացմանը առեւտրատնտեսական ոլորտում: