8 սեպտեմբերի 2009 - 22:45 AMT
Ռուբեն Աղանբեգյանը դարձել է «Ռենեսանս կապիտալ» ներդրումային ընկերության նախագահը
«Ռենեսանս կապիտալ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն, «Ռենեսանս ներդրումների կառավարում» վարչության նախագահ Ռուբեն Աղանբեգյանը նշանակվել է «Ռենեսանս կապիտալ» ներդրումային ընկերության նախագահ, հաղորդում է rcb.ru-ն:

Աղանբեգյանի նշանակումը ուղեկցվում է ներդրումային ընկերության շրջանակներում նրա լիազորությունների ու գործառնությունների զգալի ընդլայնմամբ: Դա, առաջին հերթին, կապված է վերջին տարում շուկայում տեղի ունեցած լուրջ փոփոխությունների հետ: Ներկայումս ներդրումային ընկերության գլխավոր շեշտը դրվելու է հաճախորդների հարաբերությունների հզորացման եւ նոր բիզնեսի ներգրավման գործում արդյունավետության բարձրացման վրա:

Մեկնաբանելով այս նշանակումը` «Ռենեսանս գրուպի» վարչության նախագահ Սթիվեն Ջենինգսն ասել է. «Վերջին տարիներին Ռուբեն Աղանբեգյանը գլխավորել է խմբի ամենահաջողակ ստորաբաժանումներից մեկը` ներդրումային-բանկային բիզնեսը ՌԴ-ում: Հիմնականում նման հաջողությունը բացատրվում է Աղանբեգյանի անձնական ներդրմամբ: Նրա բազմամյա փորձը կնպաստի Խմբի ծառայությունների վաճառքի նոր մոդելի ձեւավորմանն ու «Ռենեսանս կապիտալի» հաճախորդային բիզնեսի բարձրացմանը նոր մակարդակի»:

Ռ.Աղանբեգյանը «Ռենեսանս կապիտալի» տնօրենն էր ՌԴ գծով 2007 թվականից ի վեր: 2009թ. հունվարին նա նշանակվել է «Ռենեսանս ներդրումների կառավարում» վարչության նախագահ: Աղանբեգյանը կպահպանի այդ պաշտոնը: