24 սեպտեմբերի 2009 - 20:52 AMT
Քաջարանում բացվել է Ամերիաբանկի մասնաճյուղը
Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել Ամերիաբանկի մասնաճյուղի պաշտոնական բացումը Քաջարանում: Բացման արարողությանը ներկա էին բանկի ղեկավարությունը, մարզպետարանի ներկայացուցիչներն ու Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի կոմերցիոն տնօրեն Արծրունի Ավետիսյանը:

«Ամերիաբանկի ռազմավարությունն ու քաղաքականությունն ուղղված է կորպորատիվ հաճախորդին»,-լրագրողներին է ասել Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

«Մենք գտնում ենք, որ Հայաստանում դեռեւս կա այն հատվածը, որտեղ բանկերը կարող են աշխատել կորպորատիվ հաճախորդների հետ»,-ասել է նա: Ջրբաշյանը նշել է նաեւ, որ բանկի հաջորդ առանձնահատկությունն այն է, որ այն կողմնորոշված է ոչ թե ապրանքի, այլ հաճախորդի վրա: «Մենք միտված ենք ոչ թե ապրանքը վաճառելուն, այլ մեր հաճախորդին լավագույնս սպասարկելու համար»,-ասել է տնօրենը: Ըստ նրա, մասնաճյուղի բացումը Քաջարանում նպատակ ունի բավարարել հաճախորդների պահանջարկը: «Այս բաժանմունքի բացումը թելադրված է կորպորատիվ հաճախորդների պահանջարկով, մասնավորապես, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի պահանջով»:

Միեւնույն ժամանակ, նա հավելել է, որ սպասարկման որակն ու մակարդակը Քաջարանի մասնաճյուղում ոչնչով չեն տարբերվի բանկի կողմից Երեւանում տրամադրվող ծառայություններից:

Այս պահի դրությամբ Ամերիաբանկը Քաջարանի նոր մասնաճյուղից բացի, եւս երկու բաժանմունք ունի Երեւանում եւ Ստեփանակերտում: