26 սեպտեմբերի 2009 - 14:51 AMT
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են հայկական ավիաընկերություններին նոր ինքնաթիռների մատակարարման հնարավորությունը
2009 թվականի սեպտեմբերի 25-ին Յարոսլավ քաղաքում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորել է Հանձնաժողովի հայկական մասի նախագահ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է Հանձնաժողովի ռուսական մասի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը:

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Որոշում էր կայացվել Հայաստանի Հանրապետության ավիաընկերություններին «Միավորված ինքնաթիռաշինական կորպորացիա» ԲԲԸ նոր ուղեւորատար եւ բեռնատար ինքնաթիռների համալիր մատակարարման հարցերին նվիրված փորձագիտական խորհրդակցության անցկացման մասին: Այսօրվա դրությամբ արդեն պայմանագիր է կնքվել հայկական «Արմավիա» ավիաընկերությանը երկու Sukhoi SuperJet 100 ժամանակակից ինքնաթիռի մատակարարման շուրջ:

Բացի դրանից, նախապատրաստվել է «Գազպրոմ նավթ» ԲԲԸ եւ Հայաստանի կառավարության միջեւ ՀՀ պաշտպանության նախարարությանն ու «Արմավիա» ավիաընկերությանն ավիավառելիքով ապահովելու մասին գլխավոր համաձայնագրի նախագիծը, հաղորդում է ՌԴ տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունը:

Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում: